18:57 , 29 նոյեմբեր, 2025Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:
Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասներ հայտնելով հանդիպումից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։