12:24 , 29 նոյեմբեր, 2025Այս պահին ավելին, քան Արշակ Սրբազանն ասել է, չեմ կարող ասել։ Ցուցմունքով մեր պահանջն է եղել, որպեսզի քննեն՝ արդյո՞ք ատելություն չի քարոզվում եկեղեցու և Արշակ Սրբազանի նկատմամբ: Բնականաբար, վստահ եմ չի լինելու այդպիսի քննություն: Այս մասին այսօր Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ խոսելով Արշակ արքեպիսկոպոս Սրբազանի գործի մասին:
«Ակնհայտ էր, որ, բացի նախաքննական գաղտնիքի բացահայտումը, մենք, այստեղ գործ ունենք նաև անձի իրավունքներին առնչվող հարցերի հետ: Այսինքն, եթե դուք որոշումը ի սկզբանե պարտավոր լինելով ծանոթացնել Արշակ Սրբազանին, չեք ծանոթացրել նրան, դրանից հետո ուղարկել եք փորձաքննություն ու եզրակացություն եք ստացել մեկ օրվա մեջ, և դա էլ տրամադրել եք այլ անձի, ակնհայտ է, որ այստեղ բացակայում է օբյեկտիվութունը: Հետևաբար, դրան վստահելը անհեթեթ կլինի», ընդգծել է փաստաբանը:
Փաստաբանի դիտարկմամբ՝ այստեղ կա ակնհայտ սահմանադրության խախտում, որովհետև, սահմանադրության համաձայն աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի հոգևոր իշխանության մեջ որևէ գործողություն իրականացնի: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իրականացվում են մի շարք հանցավոր գործողություններ:
Հարցին՝ արդյոք եկեղեցական խնդիրները կառավարությունում են լուծվում, փաստաբանի դիտարկմամբ՝ կառավարությունը պարզապես փորձ է անում այդպիսի քայլեր անել, և որոշակի հոգևորականների միջոցով փորձում է եկեղեցու նկատմամբ իր ազդեցությունը կամ ճնշումը իրականացնել:
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։