«Հրապարակ»․ Ինչից է ծագել Զորականի հաշվեհարդարը


12:52 , 29 նոյեմբեր, 2025
Համացանցում երեկվանից տարածվել է Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի 9-11-րդ դասարանցի տղաների կողմից Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող Ալեն Ջանվելյանին խմբակային ծեծի ենթարկելու, նրա արժանապատվությունը ստորացնելու տեսանյութը։ Մեզ թվում էր, թե հայ մարդը թույլին, ընկածին ոտքերով չի հարվածում, այն էլ՝ խմբով, այն էլ՝ պատանեկան տարիքում։ Սակայն վերջին տարիներին շատ բան է փոխվել հայաստանցիների, այդ թվում՝ անչափահասների վարքում։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը համացանցում տարածված այդ տեսանյութի տակ գրառում է կատարել․ «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երեւացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել եւ ներկայացրել նախաքննական մարմին, ինչից հետո կալանավորվել են»։ Խոցելի անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Նանար Պողոսյանը դեպքի վերաբերյալ գրել է․ «Ժողովուրդ ջան, ՆԳ նախարարությունն արձագանքել է, թե կալանավորել են: Է, ուրեմն, այդ ծեծող տղաներից 3 հոգին ազատության մեջ է, 20 օր նստել են, հելել։ Էն, որ չնչին բան լինի, է, ամիսներով կկալանավորեն, հիմա մարդիկ էդ տեսակ դաժանություն են անում՝ խմբակային, որից 3-ը 20 օր նստում հելնում են, թե բա՝ նախաքննությունը շարունակվում ա... ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, իսկ կալանքը եղել է նոյեմբերին, այն էլ՝ 20 օրով, այդ մարդիկ 3-4 օր ա՝ արդեն ազատության մեջ են»։ 

Ծեծողներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Քոլեջի ուսանող Ալեն Ջանվելյանին ծեծելու, վիրավորելու, նրա արժանապատվությունը նվաստացնելու դեպքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 15-ին։ Դրա մասին տեսանյութը վաղուց տարածվել էր նոյեմբերյանցիների մոտ, հիմա համացանցում է հայտնվել, եւ դիտողներին զայրացրել է թույլի, անպաշտպանի նկատմամբ հաշվահարդարի դաժանությունը։ Ալեն Ջանվելյանի հայրը սահմանմերձ Կոթի գյուղից է, մայրը՝ Զորականից։ Մեր տեղեկություններով՝ նրանց ընտանիքում խնդիրներ կան։ Դեպքի պատճառը եղել է այն, որ Ալեն Ջանվելյանն ինչ-որ առիթով հայհոյել կամ վիրավորել է Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող զորականցի տղաներին։ Դրանից հետո վախենալով այդ տղաների հաշվեհարդարից՝ այդ մասին պատմել է քոլեջի զինղեկին, զինղեկն էլ քոլեջի վարպետին է խնդրել՝ կանխել տղայի նկատմամբ հաշվեհարդարը։ Քոլեջի վարպետը կանչել է զորականցի տղաներին, հարթել միջադեպը։ 

Իմ տեղեկություններով՝ բացի այդ, Ալենը գումար է պարտք եղել զորականցի այլ տղաների։ Զորականցի տղաները Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, նախկին գյուղատնտեսական շուկայի տարածքում Ա․ Ջանվելյանի հետ հաշվեհարդար են տեսել՝ նրան պատժելով, թե ինչու է դեպքի մասին պատմել քոլեջի աշխատողներին։ Տեսանյութը նկարահանել է ծեծող խմբի անդամներից մեկը՝ որպես իրենց կողմից պատժի իրականացման ապացույց։ Իրենք իրենց հանցանքը տեսանկարել են, հետո տեսանյութը հեռախոսից հեռախոս է անցել ու հայտնվել համացանցում։ Ակնհայտ է, որ խմբակային հաշվեհարդար կատարած տղաներն իրենց ընտանիքներում, Զորականի դպրոցում պատշաճ դաստիարակություն չեն ստացել։ Այդ տղաները պետք է օրենքով սահմանված կարգով իրենց պատիժը ստանան, հասկանան կատարածի լրջությունը, որ չափահաս դառնալով՝ հանցագործներ չդառնան, չխորտակեն իրենց եւ այլոց կյանքը։ Քոլեջ սովորաբար հաճախում են նրանք, ովքեր ֆինանսական եւ այլ հնարավորություն չունեն՝ բուհերում սովորելու։ Նոյեմբերյանի պետական քոլեջում վերջին տարիներին դրական շատ փոփոխություններ են կատարվել, քոլեջը հաջողություններ ունի։ Բարոյական եւ իրավական առումներով դատապարտելի միջադեպը չպետք է ստվերի այդ կրթական հաստատության կատարած դրական աշխատանքը։