Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականներն իրենց թեմակալ առաջնորդ Նավասարդ Սրբազանի ու Փաշինյանի հանդիպման մասին ոչինչ չունեին ասելու․ «շտապում էին»


18:17 , 28 նոյեմբեր, 2025

24news.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, հայտարարեց, որ կիրակի օրը կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցիում։

Նշենք, որ այնտեղ որպես քահանա իրենց ծառայությունն են բերում Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը։

24News-ի թղթակիցն այսօր առավոտից սպասել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որպեսզի ծառայող քահանաներից հետաքրքրվի, թե արդյոք նրանք կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական տեսակետները, արդյոք նրանք կիրակի օրը կմասնակցե՞ն պատարագին, նրանցից ո՞վ է լինելու պատարագիչ հոգևորականը, ով հաղորդություն կտա Նիկոլ Փաշինյանին։

Նրանք բոլորն էլ խուսափեցին պատասխանել լրագրողի հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում են, զբաղված են․ լսելով հարցերը՝ ձեռքերն օդում թափահարելով հեռացան։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի հետ հանդիպման գնացած բարձրաստիճան հոգևորականներից մեկը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր։ Այսինքն՝ իրենց թեմակալ առաջնորդի և Փաշինյանի հանդիպումից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականները ոչինչ չունեին ասելու։

Նշենք, որ Մայր Աթոռում նոյեմբերի 28-ին նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել նույն Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։ Նրանք բոլորն էլ երեկ հանդիպել էին Փաշինյանի հետ։