Մինչ նոր օրենքը ուժի մեջ մտնելը՝ բուհի ընդունելությունը կանցկացվի գործող կարգով


11:44 , 27 նոյեմբեր, 2025

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուս.տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին որոշումը։ 

2025թ. ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով սահմանված ընդունելության նոր կարգերը ամբողջությամբ կգործեն 2029-2030 ուսումնական տարվանից, ու մինչ այդ ընդունելությունն իրականացվելու է գործող համակարգով՝ երկու քննությամբ մրցույթով։ Նոր ցանկը կազմում է բուհերի առաջարկների հիման վրա՝ ներառելով յուրաքանչյուր մասնագիտության ընդունելության քննությունները։ Նախորդ տարվա համեմատ մի շարք բուհերում կատարվել են փոփոխություններ՝ որոշ կրթական ծրագրերի քննությունների քանակի կամ ձևաչափի վերանայմամբ։

Նախագծով նպատակադրված է բարձրացնել դիմելիությունը և ապահովել առաջնային ոլորտների համար մասնագետների պատրաստումը։ Որոշումը համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի և կառավարության 2021-2026թթ. ծրագրի նպատակներին՝ ուղղված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխմանը։