13:34 , 22 նոյեմբեր, 2025ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում: Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է: Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ:
Դատելով Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր, խորհրդարանի Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի տարածած կարճ տեսանյութից, վարչապետը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:
«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամներով։
Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ», - համաժողովում ասել է Փաշինյանը:
Համաժողովին մասնակցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի ելույթից հետո նախատեսված է պանելային քննարկում: Մեսրոպյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են նաև փոխվարչապետերն ու երկրի նախագահը: