15:33 , 15 նոյեմբեր, 2025
Արդար չէ, որ Մեխակ Մեխակյանին հիշում ենք նրա անփառունակ որդու անվան կողքին միայն։ Իրականում Մեխակը փառավոր ուղի է անցել ու հայ ազատամարտի երկնակամարում նա ոսկե տառերով է գրել իր անունը։
Ծնվել է 1961 թվականի մայիսի 27-ին, Էջմիածնի շրջանի Արագած գյուղում: Ավարտել է մանկավարժական համալսարանի պատմաիրավաբանական բաժինը, աշխատել որպես պատմության ուսուցիչ, ու հազարերորդ անգամ թերթելով սիրելի պատմության էջերը՝ չի էլ մտածել, որ մի օր մասն է դառնալու այդ պատմության: Նա դասավնդում էր անգամ պատերազմի օրերին։ Հայաստանից գրքեր էր տանում Արցախ ու այդ առարկաները հենց ինքն էլ դասավանդում էր: Ցերեկը գնում էր դպրոց, դասավանդում էր, դրանից հետո գնում էր մարտի դաշտ:
Պատերազմական թոհուբոհի մեջ նա քահանա բերեց, կնքելու Հադրութի շրջանի Ուխտաձոր (Էդիլլի) գյուղի բնակչությանն ու կամավորներին, ինքն էլ դարձավ մկրտության կնքահայրը։ Նկարն այդ օրից է....
Մեխակ Մեխակյանի մարտական ուղին սկսվեց Հադրութից, հասավ Մարտակերտ և ավարտվեց Թալիշում, պատերազմի ավարտից 8 օր առաջ... Մայիսյան անձրևոտ գիշերներից մեկը լուսացավ առանց Մեխակի: Նրա կյանքն ընդհատվեց 1994 թվականի մայիսի 1-ին՝ Թալիշի բարձունքներից մեկում, որն մինչ Արցախի վաճառքը կոչվում էր Մեխակասար:
Եթե չլիներ Մեխակ Մեխակյանի հաստատակամությունն ու նվիրումը, թերևս հնարավոր չլիներ պահել Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտի դաշտային հատվածը ձգվող լեռնաշղթան, իսկ եթե այն գրավվեր, ապա ութ օր հետո կամ զինադադար չէր հաստատվի, կամ էլ կհաստատվեր Արցախի հյուսիսային սահմաններից ներս խորացած ռազմաճակատի բոլորովին այլ գծով:
Նա քայլեց չհայտարարված պատերազմի հետ սկզբից մինչև վերջ ու ավարտեց իր գործը մի փոքր ավելի շուտ: Անմահություն թողեց ու քարտեզի վրա հաղթական նշումներ…
Մեխակ Մեխակյանը սիրում էր կրկնել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում»: Ու երևի ամենավատ երազում անգամ չէր պատկերացնի, որ իր որդին մեկ օր մաս է կազմելու Արցախը հանձնող, Արցախն ուրացող ու Արցախը բեռ համարողների խմբակին։ Որ իր որդին լուռ նայելու է հայաթափվող Արցախին, դեռ մի բան էլ հոր արյունը ուրացողների կողմից համայնքապետ է առաջադրվելու...
Ի՞նչ որակում տաս այդ աբսուրդին, չգիտես։ Թերևս միայն ասես ՓԱՌԱՎՈՐ ՀՈՐ անփառունակ որդին։