Նիկոլը «վոինին» ձեռք կտա՞


16:10 , 14 նոյեմբեր, 2025
Նիկոլն ԱԺ-ում հայտարարել է, թե քաղաքացիներն իրենց մեղադրում են Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին արձագանքելու համար: «Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում. քանի դեռ եղան, այդ խոսակցությունը շարունակվելու է»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը։

Նիկոլի ասածների վրա կարելի կլիներ ծիծաղել, եթե չիներ մի ուշագրավ դրվագ. նախքան Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելը Նիկոլը նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նրա մասին.հրահանգել էր նրան «դուրս շպրտել» քաղաքակն ու հանրային դաշտից: Դրանից կարճ ժամանակ անց Ղուկասյանին կալանավորեցին:

Նախ՝ նկատենք, որ Նիկոլի հանրային վարկանիշն ու ՔՊ-ի վարկը չեն բավարարում՝ նման բարձրագոչ հայտարարությունների իրավունք ստանալու համար, ապա՝ վերոհիշյալ հայտարարոթյունները կարելի է և ընկալել որպես ասենք ուժայիններին ուղղված ուղիղ հրահանգ:

Նիկոլի հայտարարությունները նշանակում են մի բան՝ ընդդիմության դեմ հալածանքները շարունակվելու են, և քանի որ հիմնական վտանգը Նիկոլը զգում է Սերժ Սարգսյանից, ուստի հալածանքներն ակտիվացել են հենց նրա հետ աֆիլացվող շրջանակների դեմ. Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին արդեն կալանավորել են, իսկ դրանից առաջ էլ՝ Դավիթ Համբարձումյանին: Նման կալանավորումներն ու հալածանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը չի վերարտադրվել 2026-ին:

Այլ հարց, իհարկե, արդյոք այդ հալածանքներն ու կալանավորումները կվերաբերեն նաև «վոինի՞ն», թե՞ վերջինս Նիկոլի հետ թեման արդեն կարգավորել է ու հիմա ուրախությամբ պատրաստվում է հետևել, թե ինչպես են «յուղ քսում իր սրտին»…