16:56 , 11 նոյեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի Էներգետիկ Ռազմավարությունների և Քաղաքականությունների Հետազոտական Կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։ Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել է Լիբիայի և Ադրբեջանի գրասենյակները։ Ակադեմիական ոլորտում էներգետիկայի տնտեսագիտություն և կառավարում ուղղությամբ շարունակելով իր դոկտորական ուսումնասիրությունները՝ Աքյեները, միաժամանակ լինելով «TESPAM»-ի նախագահը, էներգետիկ քաղաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ էներգետիկ խնդիրների թեմայով առաջատար մասնագետներից է։ Բազմաթիվ գրքերով, հոդվածներով և աշխատություններով հայտնի Աքյեներն ակտիվ դեր ունի Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների ձևավորման գործում։ Գրում է Ermenihaber.am-ը:
- Առաջին անգամ եք գալիս Հայաստան։ Կկիսվե՞ք ձեր տպավորություններով և զգացողություններով։ Ի՞նչ կարող եք ասել միջոցառման մասին։
- Իրականում Հայաստան գալուց առաջ հարցրել էի մի քանի ընկերներիս, որոնք, իրենց ասելով, ճանաչում էին երկիրը։ Սակայն որոշ բացասական կարծիքներ էի ստացել։ Կարճատև այցիս ընթացքում համոզվեցի, որ առանց այցելելու ձևավորված այդ կանխակալ մոտեցումները իրականությանը չեն համապատասխանում։ Տեղում տեսա, որ Հայաստանը՝ իր մարդկանցով, փողոցներով, երաժշտությամբ, ուտեստներով, մշակութային բաղադրիչներով, բազմաթիվ ընդհանրություններ ունի Թուրքիայի հետ։ Ինձ օտար քաղաքում չէի զգում։ Էզանի (մուսուլմանական աղոթք) ձայնի բացակայությունից զատ, թվում էր՝ փողոցում հանդիպած շատերի հետ կարող եմ անմիջապես թուրքերեն խոսել։ Բացի այդ, Օրբելի կենտրոնի բազմաթիվ գործընկերների մաքուր թուրքերենը և նրանց անկեղծ վերաբերմունքը նույնպես ինձ ավելի ազատ զգալու պատճառ դարձան։ Ինչ վերաբերում է միջոցառմանը՝ տարբեր երկրներից մասնակիցների հավաքվելը և խաղաղությանը միտված արդյունավետ քաղաքացիական դիվանագիտության միջավայրի ձևավորումը, իմ կարծիքով, շատ արժեքավոր էր։ Կարծում եմ՝ միջոցառումն իր նպատակին հասավ։
- Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը Ձեր կարծիքով այս փուլում հեշտ իրականանալի՞ է, արդյո՞ք դա տեսնում եք որպես իրատեսական գործընթաց։