Բժիշկներին հաջողվել է փրկել Վանաձորի դատարանից հիվանդանոց տեղափոխված 22-ամյա տղայի կյանքը․ տեղի ունեցածը վրեժխնդրություն էր


21:58 , 27 հոկտեմբեր, 2025
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից  շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Վերջինը կրծքավանդակի ձախ հատվածում է ստացել դանակի հարված։ Նա դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա որպես կասկածյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Նա և նրա հանցակիցները կասկածվում են  տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ և այն ժամանակ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները երկար ու ձիգ ամիսներ աշխատելուց հետո կարողացել են բացահայտել զարհուրելի սպանությունը , ինչի համար մի խումբ անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել էին և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։