Ադրբեջանը նոր հորիզոններ է նվաճում


17:33 , 24 հոկտեմբեր, 2025
«Israel Hayom»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Ինդոնեզիան կարող են գլխավորել Գազայի հատվածում նախատեսված Միջազգային կայունացման ուժերը՝ կազմելով տասնյակ հազարավոր զինվորներից բաղկացած բազմազգ զորախմբի միջուկը: Ադրբեջանին և Ինդոնեզիային ներգրավելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսրայելը վետո է դրել թուրքական զորքերի առաքելության վրա: Ըստ տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները աջակցել է Իսրայելի դիրքորոշմանը. Ադրբեջանն Իսրայելի անվտանգության և պաշտպանության ամենամոտ գործընկերներից մեկն է, Իլհամն էլ՝ փաստացի Թրամփի հարգված ընկերը:

Սա նշանակում է, որ Հայաստանը երկրի երեսից ջնջելու իրական նպատակներ ունեցող, բայց իր իրական մտադրությունները դեռևս գաղտնի պահող, Նիկոլի երեսին ժպտացող Բաքուն ստանում է նոր միջազգային դերակատարում՝ դուրս գալով Հարավային Կովկասի սահմաններից, ինչը կխորացնի նրա ռազմավարական կապերն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ օգնելով ամրապնդվել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև գլոբալ մակարդակում։ Ադրբեջանը, լինելով Թուրքիայի եղբայրը, այս դեպքում հանդես է գալիս որպես փոխարինող, ինչը չի կարող չլինել Անկարայի սրտով. Իլհամի օգնությամբ Թուրքիան ընդլայնելու է իր ազդեցությունը՝ չկորցնելով յուր իմիջը։

Այսպիսով՝ Ադրբեջանը ձեռք է բերում խաղաղարարի համբավ, ինչը կարող է օգտագործվել դիվանագիտական հարթակներում հենց Հայաստտանի դեմ՝ նկատի ունենալով Բաքվի հեռահար ծրագրերը: Ավելին՝ Բաքվի դիրքերի ամրապնդումը կարող է դժվարացնել Հայաստանի ջանքերը՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի մասին իրականությունը՝ չնայած այս առումով ամեն ինչ պարզ է. Նիկոլը մտադիր չէ հայերի պատճառով վատթարացնել Իլհամի հետ իր հարաբերությունները, որոնք հիմքն են դարձել իր իշխանության։

Հայաստանն իրականում հայտնվում է շատ բարդ իրավիճակում. Ադրբեջանը դառնում է լուրջ դերակատար, իսկ Հայաստանը դարձել է փալաս՝ Իլհամի ոտքի տակ: Եթե Հայաստանում լինեին նորմալ իշխանություններ, ապա Երևանը պետք է ակտիվացներ իր հարաբերությունները այն երկրների հետ, որոնք մտահոգված են Ադրբեջանի աճող ազդեցությամբ՝ առաջին հերթին Իրանի։ Բայց քանի որ Հայաստանը շարոնակում է գտնվել նիկոլական լծի տակ, որևիցե նման բան չարժե առաջիկայում ակնկալել. Նիկոլն ուրախ կլինի Հայաստանի հաշվին Բաքվի շահերը սպասարկել՝ պահպանելու իր իշխանությունը: