18:10 , 16 հոկտեմբեր, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆին։
Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Աֆիֆիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշել է. «Մենք նույն արժեքներ կրող երկրներ ենք։ Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, որոնք շարունակվել և փոխանցվել են մինչ մեր օրերը։ Վստահ եմ՝ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում կտեսնեք, թե մեր ժողովուրդը ինչպիսի ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի հանդեպ։ Այսօրվա մեր համագործակցությունը շարունակում է մեր պատմական կապերի լավագույն ավանդույթները»։
Դեսպան Ամալ Աֆիֆին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով. «Խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեզ։ Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես երկրորդ հայրենիքում։ Կանեմ ամեն հնարավորը՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների հետագա խորացման և ակտիվացման համար»։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում առկա սերտ համագործակցությանը։ Քննարկվել են այդ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման ուղիները՝ նպատակ ունենալով զարգացնել երկկողմ կապերը նոր մակարդակի։
Առանձնապես կարևոր է դիտարկվել բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Նշվել է, որ այս ոլորտներում փոխգործակցությունը կարող է էականորեն նպաստել նորարարական ծրագրերի զարգացմանը և թվային անվտանգության բարձրացմանը։
Կրթության և գիտության ոլորտները ևս ընդգծվել են որպես համագործակցության առանցքային ուղղություններ։ Կողմերը կարևորել են գիտակրթական ծրագրերի փոխանակումը, երիտասարդ մասնագետների և ուսանողների ներգրավումը՝ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդման նպատակով։
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել միջազգային հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ նման փոխգործակցությունը ոչ միայն նպաստում է երկու երկրների շահերի առաջմղմանը, այլև խթանում է փոխադարձ վստահության և գործընկերության ամրապնդումը։
Շեշտվել է նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը, որոնք դրական ազդեցություն են ունենում տնտեսական, գործարար և զբոսաշրջային ոլորտների զարգացման վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության համար։