12:26 , 16 հոկտեմբեր, 2025Մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնի էստոնական թվայնացման կոնցեպտը: Մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու: Էստոնիա կատարած այցի ընթացքում, այնտեղ նախնական պայմանավորվածություն ունենալով եմ այդ հանձնարարականը տվել: Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք նայենք, թե վերջին 15 տարում ինչքան գումար ենք ծախսել թվայնացման վրա, կամ ընդհանրապես: Մեզ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի, կամ փաստաթուղթն ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի, և այսպիսի բազմաթիվ բաներ»,-նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ խոստովանության կարիք կա: Պետք է խոստովանենք, որ շատ հարցեր հռչակում ենք և չենք կարողանում լուծել: Դա, ըստ նրա, կապված է գիտելիքի բացակայության հետ:
«Այսինքն՝ գիտելիք չունենք և մասնագետների պակաս ունենք: Մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք ու սրա մասին ընդունված չէ խոսել: Մենք, մինչև չառերեսվենք սրան, չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան: Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը, խնդիրը գիտենք: Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր՝ ձայն ես լսել, բայց չգիտես՝ որտեղից է»,-հավելել է վարչապետը: