18:22 , 11 հոկտեմբեր, 2025Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգակիրների վրա հարվածները և նրա ՀՕՊ համակարգի ամրապնդման հնարավորությունը, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։
«Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Դա լավ զրույց էր, շատ արդյունավետ», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը պատմել է, որ շնորհավորել է Թրամփին Մերձավոր Արևելքում հասած հաջողության և համաձայնագրի կապակցությամբ, որը նա իսկապես ապահովել է։
«Դա հզոր արդյունք է։ Եվ եթե հաջողվում է դադարեցնել պատերազմն այդ տարածաշրջանում, ապա հաստատ կարող են դադարեցվել նաև այլ պատերազմներ, այդ թվում նաև՝ այս ռուսական պատերազմը», - նշել է նա։
Զելենսկին նաև ասել է, որ զրույցի ընթացքում ինքը Թրամփին տեղեկացրել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա ռուսական հարվածների մասին։
«Երախտապարտ եմ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Քննարկեցինք մեր ՀՕՊ-ը ուժեղացնելու հնարավորությունները և այս հարցի շուրջ մեր կողմից պատրաստվող պայմանավորվածությունները։ Կան լավ տարբերակներ, հզոր գաղափարներ, թե ինչպես իրականում կարելի է հզորացնել մեզ», - նշել է նա։
Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ իրական դիվանագիտության հասնելու համար անհրաժեշտ է նաև ռուսների պատրաստակամությունը։
«Ուժի միջոցով կարելի է դրան հասնել։ Շնորհակալություն, պարոն նախագահ», - եզրափակել է Զելենսկին։