Կոնջորյան Հայկոն իզուր թամադա չի դարձել


19:30 , 10 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն մեղադրել է ընդդիմությանը խաղաղությունը Հայաստանի համար անհաս պտուղ դարձնելու համար ու հայտարարել, թե նախկին իշխանությունները տասնամյակներ շարունակ արել են այնպես, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղությունը ճաշակի, բայց ուրիշ երկրներում, և խաղաղության համը մնա ժողովրդի բերանում, որ ժողովուրդն ուզենա նույն խաղաղությունը ճաշակել ՀՀ-ում, բայց չկարողանա: Այսպիսով՝ Հայկոն մեղադրել է ընդդիմութանը խաղաղության պատրանք ստեղծելու համար՝ պնդելով, թե շնորհիվ ՔՊ-ի խաղաղությունն այլևս ձեռքի հեռավորության վրա է, քաղել ենք դրա պտուղները, ժողվորդի հետ էլ իշխանություները ճաշակելու են այդ խաղաղության պտուղը:

Հայկոյի մերկապարանոց պրոպագանդան հնչում է ինչպես մի կենաց. խաղաղության հասանելիությունը միայն իշխանությունների ցանկությամբ կամ պրոպագանդիստական տրյուկներո՞վ է չափվում… Այն իրականում կախված է տարածաշրջանային ուժերի բալանսից, դիվանագիտությունից և անվտանգային համակարգերից։ Սրանցից ո՞րն ունի Հայաստանը: Հայկոն իրեն լսողներին այնքան է հիմարի տեղ դրել, որ կարծում է, թե մարդիկ չեն հիշում, թե ում օրոք է Հայաստանը կորցրել տարածքներ, ունեցել հազարավոր զոհեր և կանգնել նոր սպառնալիքների առաջ, իսկ Արցախի մասին թերևս չարժե անգամ խոսել: Իրականում հասարակության զգալի հատվածը շարունակում է այսօր ապրել անորոշության, անվտանգության պակասի և արտագաղթի աճող միտումների պայմաններում։ Այնպես որ՝ Հայկոյի խոսույթն առավելապես հիշեցնում է պոպուլիստական նախընտրական կենացասացություն։

Ինչ վերաբերում է ընդդիմության կամ նախկին իշխանությունների հասցեին հնչեցված մեղադրանքներին, ապա դրանք միայն է՛լ ավելի են ընդգծում ՔՊ-ական քարոզչության խոցելիությունը, անբովանդակ լինելն ու ներկա-նակին խոսույթից անդին անցնելու իշխանությունների անկարողությունը: