ՔՊ-ական Մելքոնյան Գագոն ուզում է Իսրայել լինել


18:52 , 10 հոկտեմբեր, 2025
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված թուղթը հռչակելով՝ հայ ժողովրդի երազանքի իրագործում՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն հայտարարել է, թե դրանից բխում է, որ Հայաստանը դառնալու է երկրորդ Իսրայել, քանի որ ԱՄՆ-ն մտնում է մեր երկիր: Գագոն, պարզվում է, ծանոթացել է 3 կետի հետ, ինչն էլ նրան նման հուսեր է ներշնչել:
Հայաստանի ու Իսրայելի միջև զուգահեռներ տանելու պրակտիկան նոր չէ. առնվազն անկախությունից ի վեր ոմանք նման զուգահեռներ սիրում են հաճախ տանել, ինչը, իհարկե, սխալ է. անզեն աչքով անգամ տեսանելի է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չունեն այնպիսի ռեսուրսային բազա, ինչպիսին ունեն Իսրայելն ու հրեա ժողովուրդը, իսկ ներկա փուլում, երբ Հայաստանում իշխում է Նիկոլի խմբակը, նման համեմատություններն ուղղակի խեղկատակության են նմանվում:

ԱՄՆ-ի հետ ստորագրված ցանկացած փաստաթուղթ չի նշանակում, որ երկիրը դառնում է ամերիկյան պաշտպանական հովանու ներքո գնվող գոտի. Արևմուտքի համար Հայասանը չունի ստրատեգիական նշանակություն։ Եթե Գագոյի ասածը ճիշտ է, ապա նույն Թրամփը պետք է ոչ թե հանդես գար որպես ընդամենը վկա, այլ առնվազը երաշխավորի դեր իր վրա ստանձներ: Գագոն պարտավոր էր փաստաթուղթը դիտարկել ամբողջական համատեքստում՝ հասկանալով նաև հնարավոր ռիսկերն ու սահմանափակումները, իսկ այդպիսիք իսկապես կան, որոնց մասին Գագոն չի խոսել։

«Երկրորդ Իսրայել» դառնալու մասին խոստումները կամ խոսակցությունները ոչ միայն անիրատեսական են, այլև ակնհայտորեն վտանգավոր, քանի որ թուլացնում են սեփական պետականության պատասխանատվության ընկալումը։

Հայաստանի ապագան կախված է սեփական պետական ինստիտուտների ամրապնդումից, տնտեսության զարգացումից և ազգային անվտանգության ռազմավարության հստակեցումից։