Եվրոպացի հեռարձակողների միությունը (EBU) նոյեմբերին որոշում կկայացնի «Եվրատեսիլ 2026»-ին Իսրայելի մասնակցության վերաբերյալ


16:20 , 27 սեպտեմբեր, 2025

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամները նոյեմբերին կանցկացնեն քվեարկություն՝ որոշելու համար, թե արդյոք Իսրայելին թույլատրվելու է մասնակցել հաջորդ «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

«2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցության վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա EBU Գլխավոր ասամբլեայի արտահերթ առցանց նիստում՝ նոյեմբերի սկզբին», - Reuters-ին ասել է միության ներկայացուցիչը։ Ավելի ուշ պարզաբանվել է, որ քվեարկությունը կվերաբերի այն հարցին, թե արդյոք Իսրայելի հանրային հեռարձակող KAN-ին թույլատրվելու է մասնակցել մրցույթին։

Իսրայելի մասնակցության հարցը քննարկման թեմա է դարձել Գազայում շարունակվող հակամարտության ֆոնին։ Մի քանի հեռարձակողներ սպառնացել են բոյկոտել մրցույթը, եթե Իսրայելին թույլատրվի մասնակցել։ Օրինակ՝ սեպտեմբերի 16-ին իսպանական RTVE հեռուստաալիքը քվեարկեց չմասնակցել հաջորդ տարվա մայիսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եթե Իսրայելը ներկայացված լինի։ Նմանատիպ հայտարարություններ են արել նաև Իռլանդիայի, Նիդեռլանդների, Իսլանդիայի և Սլովենիայի հեռարձակողները։

EBU անդամներին ուղարկված և The Guardian-ի կողմից հրապարակված նամակում EBU նախագահ Դելֆին Էռնոտտե-Կունսին նշել է այս հարցի վերաբերյալ «կարծիքների աննախադեպ բազմազանությունը»։ Նա հավելել է, որ վերջնական որոշումը պետք է հիմնված լինի «ավելի լայն ժողովրդավարական շրջանակի» վրա։

Ի պատասխան՝ KAN-ը հույս է հայտնել, որ ««Եվրատեսիլը» կպահպանի իր մշակութային և ոչ քաղաքական բնույթը»։ Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Իսրայելի հնարավոր որակազրկումը հատկապես զգայուն կլինի մրցույթի 70-ամյակի նախօրեին, որը ընկալվել է որպես միասնության և համերաշխության խորհրդանիշ։

Գազայի դեմ Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր երկրի մասնակցությունը «Եվրատեսիլին» բախվել է բողոքի ցույցերի։ 2024 թվականին հազարավոր մարդիկ ցույցի էին դուրս եկել Շվեդիայի Մալմյո քաղաքում, իսկ Բազելում ցուցարարները փորձել են ներխուժել բեմ՝ իսրայելցի երգիչ Յուվալ Ռաֆայելի ելույթի ժամանակ։

Իսրայելի մասնակցության շուրջ առաջացած հակասությունների պատճառով մասնակից երկրների վերջնական հաստատումն արդեն հետաձգվել է մինչև դեկտեմբեր։