16:26 , 20 սեպտեմբեր, 2025Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայրենասիրության մոդելին, դրա դրսևորումներին, Հայաստանի հետ առնչություն չունեցող տարբեր անվանումների կիրառությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ասաց. «Խարույկի եմ գնացել, երեխաներին հարցնում եմ, թե Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է: Երեխաների 70 տոկոսն ասում է՝ Արարատը, նրանք նույնիսկ չգիտեն, որ Արարատը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ: Նույնիսկ մեզ՝ հայերիս հետ շփվող շատերը չգիտեն, որովհետև մենք այդպես ենք խոսում: Հետո իմանում են, ասում են՝ Արարատը ՀՀ–ի տարածքո՞ւմ չէ: Ի՞նչ են մտածում մեր մասին»:
Վարչապետն անդրադարձավ նաև ֆուտբոլին, որից դժգոհություններ կան:
«Լուրերն եմ նայում. «Վանը հաղթեց Ալաշկերտին»: Ես ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ է սա ֆուտբոլի զարգացման հետ կապ ունի»,–հարցրեց Փաշինյանը։
Նա հարց բարձրացրեց՝ օրինակ ինչո՞ւ է Իտալիայի թիմի անունը Միլան, անգլիական թիմի անունն ինչո՞ւ է Լիվերպուլ, իսպանական թիմի անունն ինչո՞ւ է Բարսելոնա, իսկ Հայաստանի հավաքականում նման անվանումներով թիմեր չկա գրեթե: «Հայաստանում չի՞ կարող թիմի անունը լինել, ենթադրենք, Հրազդան, Իջևան: Ինչո՞ւ կարող է լինել Միլան, և ինչո՞ւ չի կարող լինել Արտաշատ: Արտաշատը մեր ինքնությունն է, Արտաշատը մեր ինքնությունների ինքնությունն է, մեր մայրաքաղաքների մայրաքաղաքն է»,–ասաց վարչապետը:
Նա հարցրեց՝ ինչո՞ւ պետք է Հայաստանում սուպերմարկետը կոչվի Վան, Ալաշկերտ, Ադանա:
«Մեր հայրենասիրության մոդելն ինչի՞ վրա է ձևավորված: Եկեք գնանք տեսնենք, թե այդ բոլոր գրքերը, վեպերը, պիեսները ե՞րբ են գրվել. գրվել են Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի օրոք, խորհրդային «Գլավլիտ»–ի պայմաններում: Ինչո՞ւ է «Գլավլիտ»–ը թույլ տվել, որ այդ ամենը հրապարակվի: Ինքը գիտեր, որ մենք հայրենասեր ենք, բայց իր համար կարևոր էր այդ հայրենասիրությունը թույլ չտալ, թույլ չտալ, որ դա իրական Հայաստանի հետ կապ ունենա, որ ԽՄ ժողովուրդներն այնպիսի հակասություններ ունենան իրար հետ, որ խիստ կառավարելի լինեն կենտրոնական իշխանության կողմից»,–ասաց Փաշինյանը:
Նա առաջարկեց ժողովրդին ինքն իրեն հարց տալ՝ ինչո՞ւ է իտալական ակումբի անունը Միլան, և այդ ակումբը սուպեր ակումբ է, իսկ ինչո՞ւ է, որ հայկական թիմի անունը Ալաշկերտ է, և ցավոք, սուպեր ակումբ չէ:
«Կարո՞ղ է՝ այդտեղից է պետք սկսել, որովհետև հոգեբանությունը ամեն ինչի, առավել ևս սպորտի մեջ կարևոր է»,–ընդգծեց վարչապետը:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1230163