ՀՀ և ԼՂ պաշտպանության համար զոհվածների ընտանիքներն ու զինհաշմանդամները Երևանում գույքահարկի արտոնություններ կստանան


12:42 , 9 սեպտեմբեր, 2025

Երևանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում հավանություն տվեց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշման նախագծին: Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում։

Այս որոշմամբ Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության և կազմակերպություններին համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով սահմանվեց արտոնություն՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 42 միլիոն 855 հազար ՀՀ դրամի չափով և դրանց մասով անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:

Որոշմամբ սահմանված արտոնություններ են ստանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամները, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունները՝ տվյալ անշարժ գույքի մասով, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի տարածքում չի իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն: