Թվային կոնցլագերը Հայաստանում օր օրի «միս ու արյուն» է ստանում․ Կարեն Վրթանեսյան


21:40 , 4 սեպտեմբեր, 2025
Բարեկամնե՛ր, ձեր խորհրդի կարիքն ունեմ...
Թվային կոնցլագերը Հայաստանում օր օրի «միս ու արյուն» է ստանում և փորձում եմ հասկանալ, թե հնարավորինս ինչպես դիմադրեմ։
Անհիշելի ժամանակներից օգտվում էի Ինեկոբանկից և իրենց կայքով առցանց բանկային ծառայություններից։ Այնպես չէ, որ շատ գոհ էի, պարբերաբար համը հանում էին, բայց փոխելն ավելի մեծ գլխացավանք էր, ըստ այդմ գնալով ավելացող անհարմարությունների հետ առժամանակ հաշտվում էի։
Այսօր նոր բրաուզերով փորձում եմ մտնել կայք, գաղտնաբառս եմ գրում, 2 factor նույնականացումն անցնում ու մեկ էլ պահանջում է, որ մի հատ էլ կենսաչափական նույնականացում անցնեմ օնլայն։ Թե բա «Նոր սարքից եք մտնում»։ Գնում եմ, «հին սարքս» միացնում, փորձում եմ մտնել, էլի կենսաչափական նույնականացում է պահանջում։
Զանգում եմ տեխաջակցություն, ասում են. «Այո՛, հիմա այդպես է, պիտի կենսաչափական նույնականացում անցնեք»։ Ասում եմ. «Երբ ձեր հետ պայմանագիր էի կնքում նման պահանջ չկար ու 10+ տարի օգտվել եմ»։ Պատասխանում են. «Ձեր անվտանգության համար ենք անում»։
Անվտանգության պատրվակով, դե գիտեք, ինչ ասես մեր գլխին բերում են. մեզ 24/7 ռեժիմով հետևելու օրենքներ հաստատելուց սկսած մինչև Հայաստանի տարածքները թուրքին հանձնելը։ Ու այնպես չէ, որ միայն Նիկոլն է այս կռուտիտից հաճախ օգտվում։
 Ավելին ասեմ. արհեստական բանականության ժամանակակից միջոցներով հանգիստ կարելի է մարդու լուսանկարը վերցնել, գլուխը ցանկացած ուղղությամբ թեքել և տեսանյութ գեներացնել։ Այսինքն իրականում այս կենսաչափական նույնականացումը որևէ պրոֆեսիոնալ ժուլիկի հանցագործությունից հետ չի պահի։
Բայց փոխարենը բոլորիս համար խնդիր են ստեղծում + «անվտանգության» պատրվակով սկսում են հաճախորդների կենսաչափական տվյալներ հավաքել։
Մի բան էլ. երբ պնդեցի, որ դա պայմանագրի խախտում է, աջակցության աշխատակիցը խնդրեց մի քանի րոպե սպասեմ, որ ճշտի։ Այնուհետև ասաց, թե իրենց 1 օր է պահանջվում, որ հարցն ուսումնասիրեն ու պատասխանեն։
Փաստորեն իրենք իրենց իսկ գրած պայմանագրից գլուխ չեն հանում։ Ավելին, դժվար թե սխալվեմ, եթե ենթադրեմ, որ իրականում շատ լավ էլ գիտեն, որ խախտում են, բայց իրենց ժամանակ է պետք, համոզիչ արդարացում մոգոնելու համար։
Ինչևէ, ընկերնե՛ր, ՀԱՐՑ. ո՞ր բանկը կառաջարկեք հաշիվներս տեղափոխելու համար։ Ես փորձում եմ առավելագույնս քիչ օգտվել բանկային ծառայություններից, նաև հեռախոսումս բանկային հավելվածներ չեմ տեղադրում։
Զուտ պետք է, որ առանց խելքից դուրս բարդությունների ու կոշիկիս համարը տրամադրելու կարողանամ մտնել կայք, հաշիվս ստուգել, փոխանցումներ անել, երբեմն էլ քարտից վճարել առցանց ծառայությունների կամ գնումների համար։