Ի՞նչ է ուզում Վարդապետյան Աննան Գռզոյից
13:43 , 4 սեպտեմբեր, 2025
Հակառակ Վարդապետյան Աննայի ջանքերի Գռզոյի «Սիլ Պլազա» բիզնեսկենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը. վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ գույքը Գռզոյի հայրն էր ձեռք բերել ծիծաղելի գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով:
Վարդապետյան Աննան, սակայն, անկոտորում է մնացել. վճռի դեմ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացնելու։
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում. մի կողմից՝ Գռզոն բացահայտորեն իշխանությունների սերն է վայելում՝ հանդիսանալով ՔՊ-ի «աչքը», մյուս կողմից՝ նույն այդ իշխանությանը սպասարկող Վարդապետյան Աննայի գլխավորած օղակը խնդիրներ է ստեղծում Գռզոյի համար՝ նրան ստիպելով դիսկոմֆորտ զգալ: Ներիշխանական կլանների պայքա՞ր է, թե՞ մեկ այլ բան, Աննան Գռզոյի հանդեպ «լիչնի նեպրիազն» ունի՞, թե՞ Նիկոլը որոշել է Սուքիասյանին ինչ-որ բան ապացուցել, հասկացնել կամ ուղղակի կոնտրոլի տակ պահել՝ օգտվելով իր սիրած գործիքակազմից:
Գռզոյից, իհարկե, դժվար թե գույք խլեն, բայց համապատասխան մեսիջը նա իր «ականջին արդեն օղ է արել» ու գիտի, որ որքան էլ փող ունենա, չի կարող ինք զինք քաղաքական իշխանությունից առավել համարել՝ չնայած նրան, որ նույն այդ իշխանության վրա ունեցած ազդեցությունը չափազանց մեծ է:
Նիկոլն է այստեղ տանուտերը, իսկ ցանկացած մեկը, ով այդ փաստը կարող է վիճարկել կամ ասենք լուրջ չընդունել, հայտնվում է պատժվելու վտանգի առաջ՝ անկախ նրանից՝ ՔՊ-ական է, թե՝ ընդդիմադիր: