Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի խմբի լուծարման որոշումը համարում ենք հիմնավորված․ ՌԴ ԱԳՆ


10:54 , 4 սեպտեմբեր, 2025

Ռուսական կողմը արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է TASS-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ անդամ այլ պետությունների հետ մեկտեղ, անմիջական մասնակցություն է ունեցել կոնսենսուսի կանոնի հիման վրա այս որոշման ընդունմանը։ «Կարծում ենք, որ այս քայլը հիմնավորված է և արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի արմատական փոփոխությունները», - նշել է նա։

«Մինսկի ինստիտուտների կրճատման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին։ Այս պետությունների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿ-ին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանը այլևս կարիք չունեն Մինսկի գործընթացի գործիքներին։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը բոլոր ջանքերը գործադրել է Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների հաշտեցման շահերից ելնելով՝ դրված խնդիրները լուծելու համար», - հավելել է Զախարովան։

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել է 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, դրա հիմնական տարրը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։