15:12 , 28 օգոստոս, 2025Hraparak.am-ը գրում է․
ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե Բաքուն «պատասխանատու չէ» Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար:
Խորհրդարանականի խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սառեցման պատճառը Ադրբեջանի աշխարհաքաղաքական կողմնորոշումն է, որը ձգտում է դառնալ Թուրքիայի գործընկերը «Մեծ Թուրան» ստեղծելու իր ծրագրերում: Այս մասին հաղորդում է RTVI-ն:
Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին Ալիևի՝ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանտ տված հարցազրույցը, որում նա նշել էր, թե Ղազախստանում AZAL ինքնաթիռի կործանմանը Ռուսաստանի արձագանքը «հսկայական հիասթափություն և դժգոհություն» է առաջացրել Բաքվում: Նա շեշտել է, որ միջադեպը «ողբերգական սխալ» է, որի համար պատասխանատվություն է կրում ռուսական կողմը, և համեմատել է այն 2020 թվականի միջադեպի հետ, երբ Ղարաբաղում ռուսական ուղղաթիռ խոցվեց::
Զատուլինը նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է իր վերջին հաջողությունները Ղարաբաղում և դիվանագիտական ասպարեզում՝ Թուրքիային հնարավորություն տալով ճանապարհ հարթել Հայաստանի տարածքով՝ միաժամանակ թուլացնելով Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը: Պատգամավորը նաև մատնանշել է Բաքվի սերտ շփումները Իսրայելի հետ՝ հակաիրանական հիմքով, և ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները բնույթով հակաիրանական են։
Բացի այդ, Զատուլինը հիշեցրել է 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ կապված իրավիճակը, որոնք հարձակման ենթարկվեցին և սպանվեցին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը որևէ փոխհատուցման միջոց չի ձեռնարկել, իսկ ռուսական զինված ուժերի և օդային երթևեկության հետ կապված միջադեպերը Բաքվի իրական դիրքորոշման ազդանշան են։
«Ալիևի գործողությունները ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ նրա համար ավելի շահավետ է բարեկամ լինել Ռուսաստանի դեմ, քան Ռուսաստանի հետ: Նա նաև արդյունավետորեն ներգրավված է Իրանի դեմ խարդավանքներում, ինչը արտացոլում է Բաքվի ներկայիս ռազմավարությունը միջազգային ասպարեզում», - նշել է Զատուլինը։