Վարչապետը Իրանի նախագահին է ներկայացրել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները


14:10 , 11 օգոստոս, 2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները՝ շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։