Ովքե՞ր են Իրանից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հնչող իրարամերժ հայտարարությունների իրական հասցեատերերը
13:49 , 11 օգոստոս, 2025
Մինչ տարբեր ՔՊ-ականներ հանրությանն այս օրերին խաբում ու հմայում են՝ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի ունցածը ներկայացնելով որպես հայ ժողովրդի դարավոր երազանքի հաջող իրագործում՝ հաշվելով իբր ակնկալվող տնտեսական օգուտները, թուրքերի ու Արևմուտքի ծրագրերը կյանքի կոչող այդ պրոյեկտի գործնական իրագործման հեռանկարները շարունակում են մնալ բավական մշուշոտ. Իրանում հասկացնում են,որ մտադիր չեն կողքից դիտել ,թե ինչպես է Սյունիքի մարզը դառնում ՆԱՏՕ-ական միջանցք:
Փաստ է, սակայն, որ Իրանից հնչող հայտարարությունները բավական իրարամերժ են. որոշ իրանցի պաշտոնյաներ հասկացնում են՝ հարկ եղած դեպքում պատրաստ են անգամ Հայաստանն Ուկրաինայի վերածել՝ Նիկոլին համեմատելով Զելենսկու հետ, իսկ ահա այդ երկրի նախագահը հայտարարել է, որ միջանցքն այն չէ, ինչի մասին չափազանցվել է լուրերում, և Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները կատարված են: Այսինքն՝ մինչ մի թևը՝ ուժայիններին ներկայացնող, խոսում է որևիցե ուղու անթույլատրելիության մասին, մյուս թևը, որ ներկայացնում է Փեզեշքիանը, հակառակ բովանդակության հայտարարություններով է հանդես գալիս՝ հստակեցնելով՝ մտադիր չեն «լուն ուղտ սարքել»՝ «Թրամփի ուղին» համարելով որպես Եվրոպայի հետ կապի հնարավորություն:
Այսպիսով՝ հարց է առաջանում՝ ո՞րն է ԻԻՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, կամ ի՞նչ դիվանագիտություն է Իրանը բանեցնում: Իրանը, ըստ Էության, մեսիջ է հղում Արևմուտքին՝ Իրանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության ակնկալիքով. եթե դա տեղի ունենա, ապա Թեհրանն այդ ճանապարհը չի դիտարկի որպես իր համար սպառալիք ու թույլ կտա, որ այն գործի: Իսկ ահա եթե Արևմուտքը շարունակի բավարարել Բիբիի վայրի ցանկութունները, ապա Թեհրանը պատրաստ կլինի ծայրահեղ քայլերի՝ դիտարկելով «Թրամփի ուղին» որպես Իրանը հյուսիսից շրջափակելու միջոց: Այսինքն՝ իրանցի ղեկավարների ուղերձներն ուղղված են ոչ թե ասենք Գրիգորյան Արմենին կամ ասենք Կարապետյան Մարիշին, այլ գլոբալ Արևմուտքին:
Թե ինչպիսին կլինի Թեհրանի՝ Արևմուտքին հղած մեսիջների արձագանքը, պարզ կդառնա շատ շուտով, բայց եթե բանը հասավ առճակատմանը, ապա առվազը Սյունիքի մարզը դառնալու է պատերազմական գոտի: