«Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են «Մեծ Թուրանի» ցամաքային ճանապարհ, իսկ Հայաստանը՝ ոչինչ. Հայկ Նահապետյան


12:52 , 8 օգոստոս, 2025

168.am-ը գրում է․

Այսօր Երևանի ժամանակով 23:20-ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպումը, 00:15-ին կկայանա Եռակողմ հանդիպում Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի միջև:

ԱՄՆ նախագահն այս հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել իր Truth Social հարթակում, որտեղ նշել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման։

«Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը (օգոստոսի 8-ին) Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար։

Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը՝ առանց հաջողության հասնելու, մինչև այս պահը՝ շնորհիվ Թրամփի»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Վաշինգոնում գործող թղթակիցներից մեկը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում կենտրոնանալու են տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։

Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով և հասկանալ, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին անհրաժեշտ այս «միջանցքը»։ Ըստ նրա՝ հարցի պատասխանը պարզ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բացելու 2-րդ ճակատ։

«Միացյալ Նահանգները վերջերս Իրանում իշխանափոխության փորձ արեց, սակայն այն ձախողվեց։ Փորձ է արվում Իրանում գտնվող, առաջին հերթին՝ Աղֆանստանից մի քանի միլիոն փախստականների միջոցով դիվերսիոն գործողությունների առյուծի բաժինը տալ նրանց, քանի որ նախորդիվ ՀՕՊ համակարգերի, հրթիռային կայանքների, ռազմական, հոգևոր վերնախավի ոչնչացման մեջ առավելագույնը ներգրավված էին այդ միգրանտները։

Չնայած այս փորձը ձախողվեց, սակայն սա չի նշանակում, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն իրենց ծրագրերից հետ են կանգնելու, կատարելու են հաջորդ փորձը։ Այդ փորձը մեթոդաբանական առումով ոչ թե առաջինի կրկնությունը կլինի, այլ գործնականում ցամաքային ու օդային օպերացիա կլինի Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Ըստ Հայկ Նահապետյանի, այս օպերացիան իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի զինտեխնիկա, մարդուժ տանեն-լցնեն Ադրբեջան, որոնք կոորդինացված պետք է գործեն Իսրայելի ռազմական զինուժի և հետախուզության հետ։

«Հարց է առաջանում, թե այս ամենն ինչպե՞ս պետք է տեղափոխեն Ադրբեջան.  ցամաքային սահմանով, իսկ այդ ցամաքային սահմանն անցնում է Հայաստանով, այսինքն՝ այդ «Թրամփի ճանապարհով», կամ նույնն է՝ «Զանգեզուրի միջանցքով»։

Այս ճանապարհը չի վերահսկվելու ՀՀ սահմանապահ ծառայության կողմից։ Թե ովքեր են կանգնելու այնտեղ, պարզ չէ, որովհետև եթե Ամերիկան կանգնելու է այնտեղ, Հայաստանին հաշվետու չի լինելու՝ տերը ծառային հաշվետու երբևէ եղե՞լ է։ Թե՞ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ այլ կարգավիճակ ունի, թե՞ հայ ազգը մտածում է, որ Հայաստանն օկուպացված չէ այս իշխանությունների կողմից։

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական իշխանությունների կոլաբորանտ ռեժիմն է։ Միացյալ Նահանգները ստանում է տարածք, որով կարող է կազմակերպել Իրանի դեմ այդ հարձակումը։

Ի՞նչ են ստանում Ադրբեջանն ու Թուրքիան, ստանում են «Մեծ Թուրանի» ցամաքային ճանապարհ։ Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը՝ ոչինչ, որովհետև Հայաստանը սուբյեկտ չէ, իսկ սուբյեկտ չունեցող երկիրը չի կարող ունենալ ղեկավար, այլ ունենում է մի խեղկատակ, որն ուղղակի  դնում է իր ստորագրությունը»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Շարունակելով՝ Հայկ Նահապետյանն ասաց, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանի տարածք գոյություն չունի, գոյություն ունի ուղղակի տարածք, որը պետք է օգտագործի իր նպատակների համար։

«Թուրքիան և Ադրբեջանն արդեն Հայաստանի այդ տարածքը դիտարկում են՝ որպես սեփականություն, ավելին՝ սպասում են հարմար աշխարհաքաղաքական իրադրության, որպեսզի ամբողջովին դարձնեն իրենցը։

Հարց՝ ի՞նչ խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը, որ չի հրապարակում «Խաղաղության պայմանագրի» 17 կետերը, խնդիր ունի, քանի որ այն չի բխում մեր երկրի ու քաղաքացիների շահերից։

Եթե չեն հրապարակում, նշանակում է՝ կան կետեր, որոնք մեր երկրի համար շատ ցավալի են։ Եթե, օրինակ, Թրամփին տան խաղաղության «Նոբելյան» մրցանակ, գուցե Փաշինյանին Կալիֆոռնիա նահանգում մի վիլլա նվիրի, երբ անհրաժեշտ պահի ճողոպրելուց լինի, գնա այնտեղ։ Նիկոլ Փաշինյանն այս ժողովրդին դնում է զոհասեղանին, տարածքն օտարում ժողովրդից»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։

Ինչ վերաբերում է հայկական բանակին, Հայկ Նահապետյանն ասաց՝ երբ իշխանության ներկայացուցիչն առաջակում է գումարով բանակում չծառայել, սա բանակի կազմալուծման ամենակարճ ճանապարհը չէ՞, իսկ իշխանության տվյալ ներկայացուցիչը, որն առաջարկում է նման քայլի գնալ, ո՞ւմ մտերիմն է՝ Նիկոլ Փաշինյանի։

«Բանվորագյուղացիական բանա՞կ են սարքում, որի մոտիվացիան շատ ցածր է լինելու»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։