Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph


14:47 , 15 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ 25 տարվա վաղեմության հանցագործությունների հետաքննության շրջանակում: Երկու կասկածյալ մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ, մյուսները դաժան ծեծվել են: Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկելով Sputnik լրատվական գործակալության գրասենյակը և ձերբակալելով ռուսաստանցի ծրագրավորողների: Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչել են սպառնալիքներ Բաքուն «երեք օրում գրավելու» մասին։ Թեև կողմերի միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, սակայն հարաբերությունների խզումն իրական է և Մոսկվայի համար վտանգավոր, քանի որ Հայաստանը, 30 տարի շարունակ Ադրբեջանի հետ դաժան պատերազմներ մղելուց հետո, միանում է իր վաղեմի թշնամուն՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝  «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ. Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ սպառնալով Կովկասում Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտին» վերտառությամբ հոդվածում, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 10-ին Ալիևը և Փաշինյանը հանդիպել են՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները` Tert.am), որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այս միջանցքը կհանդիսանա Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային երթուղու՝ «Միջին միջանցքի» մաս։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ  Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ դնել», - նշում է աղբյուրը։

«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», - ասել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (բրիտանական պաշտպանության ոլորտի վերլուծական կենտրոն) միջազգային անվտանգության հարցերով բաժնի տնօրեն Նիլ Մելվինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: