13:44 , 1 հուլիս, 2025Միքայել Սրբազանի հապճեպ պատասխանը շատ անհարգալից վերաբերմունք էր փաստացի 36 պատգմավորների նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մերժեց առաջադրվել վարչապետի թեկնածու։
«Ես կարծում եմ, որ մենք դեռ պետք է փորձենք համոզվել Միքայել Սարգսյանին։ Սա անսպասելի էր, որովհետև Միքայել Սարգսյանը ինքն այն հոգևորականներից է, որ շատ լուրջ հարգանք է վայելում հասարակության մեջ, նաև հայտնի է իր հարցազրույցներով, քաղաքական դիրքորոշումներով, քաղաքական գնահատականներով։ Անձամբ ես գրեթե իր բոլոր հարցազրույցները նայել եմ, նա
անառարկելի հեղինակություն է վայելում հոգեւորականների շրջանում։ Ես՝ անհավատս շատ մեծ հարգանքով եմ լցված իր նկատմամբ։ Ինքը զբաղեցնելով այդպիսի «նիշա» հասարակության մեջ, ուղղակի իրավունք չունի հրաժարվելու։
Խոսքը ընդամենը վեց-յոթ ամսվա վարչապետի տեղապահության մասին է։ Ինքը այն մարդն է, փաստորեն, որի շուրջ վայրկյանական կոնսոլիդացիան առաջացավ։
Վեց–յոթ ամիս լինում է վարչապետ, հավասարակշռված քաղաքական ուժերը ներկայանում են իրենց ծրագրերով ժողովրդի առաջ և 2026 թվականի հունիսին ձևավորում է մեր նորագույն պատմության մեջ լեգիտիմագույն իշխանությունը»,–ասաց նա։
Աղազարյանը կորսված չի համարում այս շանսը. «Ես զգում եմ, որ հասարակության մեջ ձնագնդի նման գլորվում է Աջապահյանին համոզելու հարցը, որպեսզի ինքը իր որոշումը փոխի։ Մենք մտածում ենք, որ պետք է այս պրոցեսը առաջիկայում շարունակենք, խնդրենք, համոզվենք, որպեսզի Միքայել Սրբազանը իր դիրքորոշումը փոխի»,– ընդգծեց պատգամավորը։
նա նաեւ իր վրա օրինակ բերեց, ասելով. «Ես ունեմ ընկերներ, շրջապատ, բարեկամներ, հարազատներ, որոնք ինձ իմ որակների, իմ փորձառություն չափով գտնում են, որ ես իմ տեղում պիտի որոշակի գործընթացներ իրականացնեմ։ Հիմա ես փախնեմ, հարմարվեմ, հաճոյանամ, ծռմռվեմ, որ ինչ է իմ վրա վատ բան չլինի՞, բա ինչի՞ ես տեղը զբաղեցնում այնտեղ, էդ դեպքում դու եղիր քո տեղում և մենակ մի մեղադրի վարչապետին, ասա՝ ինքը սա սխալ արեց, սա սխալ արեց։ Որ սաղս ձայներս կտրնենք վեր ընկնենք տեղներս, ինչպես ինքը երբեմն– երբեմն հրահանգում, ո՞նց կլինի, եթե մենք մեր զբաղեցրած տեղին համապատասխան դիրքորոշում չունենանք։
Ինքն էլ մարդ է, կսխալվի, պիտի ասենք՝ տղա ջան, հոգնել ես, ռադդ քաշի, գնա տեսնենք ի՞նչ ենք անում էս 6-7 ամսվա ընթացքում»։
Հովիկ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ եթե Միքայել Սրբազանը չհամաձայնի լինել վարչապետի թեկնածու, ինքը որպես քաղաքական գործիչ վերանալու է. «Բա դու ծառայում ես Աստծուն, Աստծու միջոցով ծառայում ես նաև ժողովրդին։ բա խի՞ պիտի դու վախենաս, որ քեզ կարող է քեզ ավելի խիստ պատժեն, կարող է նստացնեն, կարող է սպանեն։
Սխալ է մոտեցումը, որ հակառակ դեպքում ավելի մեղմ կվերաբերվեն իր նկատմամբ»,– ընդգծեց նա։
Հովիկ Աղազարյանը չբացառեց, որ եթե Միքայել Սրբազանին հնարավոր չլինի համոզել, կգտնեն այլ թեկնածու, որը էլի ընդունելի կլինի բոլորի համար։