Շիրակի մարզում վրացական համարանիշներով «Toyota Prado»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է


21:35 , 25 հունիս, 2025
Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17 կմ հատվածում վրացական համարանիշներով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևաքնով 2 հոգի տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի, ով անչափահաս է՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։