Արարատի մարզում Մասիսի տարածքում «Ford Fusion»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել
10:48 , 13 հունիս, 2025
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գ․ Ս.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մ․ Հ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի համանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնայնն ու կրտսեր պարեկ Շուշանիկ Թադևոսյանը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչութան պետ Սարիբեկ Ռուստամյանը:
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: