15:49 , 16 մայիս, 2025
Տավուշի մարզում արձանագրված կրակոցները, որոնք հնչել են ադրբեջանական դիրքերից, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որպես «անկանոն, ոչ թիրախային կրակահերթեր»։ Այս գնահատականը ոչ թե իրականության արձանագրում է, այլ բացահայտ փորձ՝ կոծկելու հակառակորդի կամ ավելի ճիշտ ԹՇՆԱՄՈւ սադրանքը։
Սա հանցավոր անգործություն է։ Երբ պետությունը գիտակցված «իջեցնում» է վտանգի աստիճանը, լքում է իր քաղաքացիներին՝ թե՛ փաստացի, թե՛ բարոյապես։
Ավելին՝ իշխանության ներկայացուցիչներն ակնկալում են, որ ժողովուրդն «ամուր նյարդերով» ընդունի կրակոցները։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ թե ստանձնում է սահմանների ու քաղաքացիների անվտանգության ապահովումը, այլ «հորդորում» է «դիմանալ»:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը տարածում է կեղծ տեղեկություններ իբր հայկական կողմից արձակված կրակոցների մասին, իսկ Հայաստանի պատասխանը սահմանափակվում է «լուռ» հերքումով՝ առանց որևէ միջազգային ազդակ, փաստագրում կամ քաղաքական հետևանք պահանջելու:
Այս ամենը, հուշում է ոչ թե վտանգի չլինելու, այլ դրա հրապարակային չընդունելու մասին։
Իսկ երբ պետական դիրքորոշումը սկսում է հեռու լինել իրականությունից, հասարակությունը մնում է մենակ՝ իր մտահոգությունների հետ` «ամուր նյարդերի» հույսով։
Խաղաղությունը պահանջում է ոչ միայն խաղաղություն բառն օրը մի քանի անգամ հոլովել, այլև՝ ռեալ վտանգները տեսնել, ճանաչել և կանխել։
Խաղաղություն չի կառուցվում ժողովրդի «դիմացկունությամբ» ու իշխանության հանցավոր անգործությամբ։ Խաղաղություն կառուցվում է, երբ վտանգը՝ անվանվում է, սանձվում է, ու նրանից պաշտպանվում են քաղաքացիները։ Այս պահի դրությամբ՝ այդ պաշտպանությունը բացակայում է։