15:11 , 14 մարտ, 2025Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի կնքումը խոչընդոտող վերջին երկու կետերի վերաբերյալ կայացվել է համաձայություն, Եվրոպայից ստացվել է Գերմանիայի արտգործնախարար Բերբոքի արձագանքը. «X»-ում է գրառում արել՝ արձանագրելով.«Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլն այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք Երևանին և Բաքվին»: Միևնույն ժամանակ Բերբոքը կոչ է արել կողմերին «տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո» արագ ստորագրել փաստաթուղթը:
Բերբոքը փաստացի ուրախություն է հայտնել Հայաստանի կապիտուլյացիայի առնչությամբ, դրան գրավոր տեսք տալու փաստը նրան ոգևորել է՝ թքած ունենալով այն փաստի վրա, որ այդ «խաղաղությունը» փաստացի կայանալու է Հայաստանի ավերակների վրա: Սա՝մի դեպքում, երբ Եվրոպան, ինչպես հայտնի է, հանդես է գալիս իբր հայամետ դիրքերից, բայց եթե հանդես է գալիս, ապա ինչո՞ւ չստիպեցին Իլհամին, որ մի փոքրիկ զիջում էլ Ադրբեջանն անի: Հետարքիր հարց է, այնպես չէ՞:
Ինչ վերաբերում է խաղաղությանը, որ իբր վրա է հասնելու առաջիկայում, ապա դա միֆ է. ստորագրվելիք փաստաթուղթը չի դառնալու խաղաղության երաշխիք, քանի որ միակողմանի բնույթ ունի՝ բավարարելով միայն մեկի ազգային շահերը մյուսի հաշվին այն էլ մի դեպքում, երբ այդ մեկը Հայաստանի գոյությունը հնարավոր չի համարում: Բերբոքը պետք է որ լավ իմանա իր երկրի պատմությունն ու այն, թե ինչպես պատահեց, որ առաջին աշխարհամարտին հաջորդեց երկրորդը:
Բայց հիմա բերբոքների համար դա չէ էականը, այլ՝ մի թղթի կտորի գոյությունը, որը կտա հնարավորոթյուն՝ անցնելու հաջորդ քայլին՝ Իրանի հարցի լուծմանը: