Ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու ամենակարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահության, կասկածանքի սերմանումը. Վիգեն Սարգսյան
11:35 , 28 հունվար, 2025
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2018թ. հունվարի 28-ի Հայոց Բանակի օրվա իր ելույթից մի հատված.
«Անհատին, հասարակությանը և ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու ամենակարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահության, կասկածանքի սերմանումը և իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը:
Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը: Մեզ փորձել են պոկել հազարամյակների այն արմատներից, որոնք կենսական են սեփական հողում ամուր կանգնելու և ժամանակների հոսանքներին դիմակայելու համար:
Այնինչ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: 1918-ից ի վեր մենք ապրել ենք հաղթանակների դարաշրջան: Այդ հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը, վերադարձնելու աշխարհով սփռված մեր ժառանգության մի զգալի մասը՝ առաջին հերթին ի դեմս հայրենադարձած մեր քույրերի և եղբայրների, որ հնարավոր դարձրին մերօրյա Հայաստանում համադրելու մեր հայրենիքի արևելյան և արևմտյան հատվածների ավանդույթները, հիշողությունները, համն ու հոտը: Այդ հաղթանակների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր հոգևոր արժեքները, Մայր Աթոռը, ունենալ Երևանի պետական համալսարան, Մատենադարան, Գիտությունների ազգային ակադեմիա: Դրանց շնորհիվ վեր խոյացան հայրենի գիտությունն ու արդյունաբերությունը, նորովի վերածնվեց միջնադարյան հայկական ճարտարապետությունը, ծաղկում ապրեցին մեր դպրությունը, մշակույթը, արվեստները և սպորտը: