Հայկական ազգային կինոակադեմիան, «1489»-ից խլելով Օսկարյան մրցանակաբաշխությանն առաջադրվելու հնարավորությունը, հայկական կինոն զրկել իսկապես հազվագյուտ պատմական շանսից


10:48 , 22 հոկտեմբեր, 2024
Շողակաթ Վարդանյանի «1489»-ը Բուենոս Այրեսի վավերագրական կինոյի փառատոնի (FIDBA) միջազգային մրցույթում լավագույն լիամետրաժ վավերագրություն ճանաչվելուց հետո հիմա էլ գլխավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսի վավերագրական կինոյի փառատոնում (Doc LA): Ֆիլմն արդեն իր արժանիքները վավերացնող կարևոր մրցանակների մի ամբողջ հավաքածու ունի և շարունակում է հաղթարշավն աշխարհով մեկ, առաջիկայում կցուցադրվի Ֆրանսիայում, Չեխիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հունգարիայում և այլուր: Այս ամենի ֆոնին անհնար է դառնությամբ չարձանագրել, որ Հայկական ազգային կինոակադեմիա հորջորջվող կառույցը, «1489»-ից խլելով Օսկարյան մրցանակաբաշխությանն առաջադրվելու հնարավորությունը, ոչ միայն հայտնվել է աբսուրդի բարձրակետին, այլև, ըստ էության, հայկական կինոն զրկել իսկապես հազվագյուտ պատմական շանսից, էլ չեմ ասում՝ մեր երկրի հետ կատարված ողբերգությունը կինոյի վերին հարթակներից մեկում ներկայացնելու պատեհությունից, և եթե իրերն իրենց անուններով կոչենք, սա դժվար է այլ կերպ բնորոշել, քան հակաազգային, հակապետական գործելակերպ՝ էական չէ նույնիսկ՝ գիտակցված թե չգիտակցված: