Ինչո՞ւ չեն ավարտվում Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի վերականգնման աշխատանքները


21:38 , 19 օգոստոս, 2024

Mediahub.am-ը գրում է․

Վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները։ Այդպիսի օր չկա, որ մի քանի ժամով հիմնականում Կենտրոն և Արաբիր վարչական շրջանների որոշ հասցեներում հոսանքազրկումներ չլինեն, ինչը հարուցում է բնակիչների բողոք-դժգոհությունները։ 

Հայաստանի էլեկտրական ցանցերից այս ամենը բացատրում են  «Երեւանի ՀԷԿ 1»-ում հուլիսի 6-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներով։ «Երեւանի ՀԷԿ 1»-ը պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը, որն էլ զբաղվում է վթարավերականգնման աշխատանքներով, իսկ ՀԷՑ-ն էլ ապահովում է անջատումները, որ կարողանան գործ անել։ Դեռևս հուլիսի կեսերին ՀԷՑ-ից տեղեկացրել էին, որ ըստ նախնական կանխատեսման՝ աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչեւ ս.թ. օգոստոսի 10-ը։

Բայց այսօր արդեն օգոստոսի 19-ն է, և աշխատանքները դեռ չեն ավարտվել, այսօր էլի մի քանի ժամով հոսանքազրկվել էր Կենտրոնը։

ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը MediaHub-ին ասաց, որ  մալուխներ կան, որոնք պատվիրել են դրսից, ուստի դրա հետ կապված՝ մի քանի օր ձգձգվել է աշխատանքների ավարտը։ Բայց քանի որ ՀԷՑ-ը չէ վթարավերականգնման աշխատանքներն իրականացնողը, Սարջանյանը դժվարացավ ասել՝ կոնկրետ երբ կավարտվեն աշխատանքները։

Նշենք, որ Երևան ՀԷԿ-ից սնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Այսօրվա դրությամբ այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջեւ, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում։