Վրաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Կոբախիձե


15:13 , 25 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։

«Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին։ Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանը և համատեղ ապրելուն միտված  ջանքերին»,- ընդգծեց Կոբախիձեն։