Խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև


22:35 , 18 մարտ, 2024
Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առաջին քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել առկա համագործակցության զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցերին:
Նախարարի տեղակալը մալթացի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ:
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Մալթայի խորհրդարանի Արտաքին և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Էդվարդ Զամիթ Լևիսի և հանձնաժողովի անդամների հետ: