Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հանդիպմանը մեղադրել է Հայաստանին եւ բողոքել ԵՄ առաքելությունից


13:40 , 17 փետրվար, 2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ժամանակ քննարկվել են Բաքվի եւ Երեւանի միջեւ երկկողմ հիմքով հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մշտապես հանդես է գալիս սպառնալիքներով Հայաստանի հասցեին, նա Երեւանին մեղադրել է խաղաղության գործընթացը խափանելու ձգտման մեջ։

Նա դժգոհություն է հայտնել Հայաստանում Եվրամիության առաքելությունից, որն իբր «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության միջոց», ինչպես նաեւ ԵՄ «հեռադիտակային քաղաքականությունից»։

Բայրամովը կրկնել է Ադրբեջանի առաջադրած պայմանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որն է՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։