ՀՀ ԱԱԾ-ն չի բացառում, որ կբողոքարկի ՀՅԴ գործիչներին «սև ցուցակից» հանելը


23:48 , 29 հունվար, 2024
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է բողոքարկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Նիդեռլանդներում Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի անունները «անցանկալի» անձանց ցուցակից հանելու դատարանի որոշումը։
 
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։
 
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Փափազյանի և Աբրահամյանի անունները հանել Հայաստանում «անցանկալի» անձանց ցուցակից։
 
«ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռևս չեն ստացվել։
 
Ստացվելուն պես դրանք կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում վերաքննիչ բողոքներ կներկայացվեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան» - նշված է պատասխանում։