Բոնոյից հետո հիմա էլ Կլաարն է հրաժարվել Երևանից մեկնել Բաքու․ ի՞նչ է հայտնի


14:59 , 19 հունվար, 2024

Hraparak.am-ը գրում է.

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն այժմ Հայաստանում է, Երևանից հետո Բաքու չի մեկնի։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։ 


Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ»,- պարզաբանել են Կլաարի գրասենյակում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Պաշտոնական Երևանը հաղորդեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: 

Սակայն Բոնոն ևս Երևանից հետո Բաքու չայցելեց։ Թե ինչու, պաշտոնապես չպարզաբանվեց։

Հատկանշական է, որ Կլաարի՝ Բաքու այցելությունից հրաժարման մասին հայտարարվում է Եվրախորհրդարանի որոշման ֆոնին․ համավերոպական օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նշել են, որ ԵԽ դիտորդներ չի գործուղի Ադրբեջան՝ այդ երկրում փետրվարի 7-ին նախանշված ընտրությունների ընթացքին հետևելու համար։

ԵԽ որոշումը նյարդային էին ընդունել Բաքվում։