Ուկրաինան ՌԴ Կուրսկի մարզի ուղղությամբ «Տոչկա-Ու» է կիրառել․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է երեք հրթիռի ոչնչացման մասին


09:44 , 15 հունվար, 2024

ՌԴ ՀՕՊ համակարգերը ուկրաինական երեք հրթիռ են ոչնչացրել Կուրսկի մարզի տարածքում, որոնք արձակվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել էր, որ նախնական տվյալներով ՀՕՊ համակարգերը ուկրաինական երեք հրթիռ են խոցել Ֆատեժսկի շրջանի երկնքում։

«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռների օգտագործմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման փորձը կասեցվել է»,- հայտնել են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ երեք հրթիռ է ոչնչացվել։