Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան


15:26 , 8 դեկտեմբեր, 2023
Թուրքիայի նախագահը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստան զրահափոխադրիչներ ուղարկելը: Նա այս մասին ասել է Հունաստանից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Էրդողանն ասել է.«Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով ոչ թե օգնում է, այլ վնասում է Հայաստանին»։

«Ֆրանսիան նախկինում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Ո՞րն էր արդյունքը։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է: Նրա աշխատանքն ավարտված է, արդյունք չկա, բայց այսօր Ֆրանսիան կրկին սադրում է Հայաստանին։ Ի՞նչ է տալու զրահափոխադրիչներ ուղարկելը, ոչինչ։ Որովհետև հիմա կա Ադրբեջան, որը վերջ է տվել «իր տարածքների օկուպացմանը» (չակերտները՝ Tert.am)։ Ղարաբաղում արդյունքը մեր աչքի առաջ է: Ի՞նչ է տալու այս մարտական մեքենաների ուղարկումը։ Նախկինում Հայաստան ուղարկված տանկերը ու հրացաններն ընկել են Ադրբեջանի ձեռքը։ Նրանք ուղղակի խաբում են Հայաստանին: Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն իրենց վերջին փորձից և չենթարկվեն այս սադրանքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ «Հայաստանի շահերից է բխում օգտվել խաղաղության հաստատման հնարավորությունից և չընկնել այն երկրների թակարդը, որոնք ապակողմնորոշում են նրան»։

Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են»։ Նրա կարծիքով՝ «երկրները, որոնք զինում են Հայաստանը, շուտով նրան կթողնեն մենակ»։