Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության սերմերը ԱՄՆ-ում կամ Փարիզում չեն․ Հաջիև


11:26 , 21 նոյեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Նրա խոսքով, խաղաղությանը նպաստելու և լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է հայացք նետի դեպի տարածաշրջան և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը լավ մտադրություններ ունի. ապահովվեց մեր երկրի ինքնիշխանությունը, տարածաշրջանում ի հայտ եկավ նոր ստատուս քվոն, և այս ստատուս քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ 
Նախկին ստատուս-քվոն, որը Հայաստանը ստեղծեց՝ օկուպացնելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի»,- ընդգծել է Հաջիևը։