Հայաստանն ու Իրանը Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզ են ներկայացրել


15:12 , 17 նոյեմբեր, 2023

Հայաստանն ու Իրանը քննարկել և ներկլայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացել է համատեղ նիստ։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել և համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը, քննարկել և հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը։

Վերականգնվել է Արաքս սահմանային գետի ուսումնասիրման մոնիթորինգային հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով Արաքս սահմանային գետի ջրի որակն ապահովելու նպատակով։ Կողմերը քննարկել են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները։

Նիստի արդյունքներով կողմերը ստորագրել են Արձանագրություն։