Աստրախանում բնակելի շենքը մասնակի փլուզվել է․ կա առնվազն մեկ զոհ, մի քանի մարդ համարվում է անհետ կորած


22:47 , 16 նոյեմբեր, 2023

ՌԴ Աստրախան քաղաքում հինգհարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, ինչի հետևանքով կա առնվազն մեկ զոհ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, Պրիվոկզալնայա փողոցում գտնվող բնակելի շենքի պատին առաջացած ճաքի մասին ՌԴ ԱԻՆ-ը հաղորդագրություն է ստացել ժամը 17։57-ին, ինչից հետո սկսվել է բնակիչների տարհանումը։ Ժամը 18։27-ին շենքի երրորդ ու չորրորդ մուտքերը փլուզվել են։

Փրկարարները շենքից տարհանել են 213 մարդու, այդ թվում՝ 37 երեխայի։ Տահանված անձանց համար դպրոցներում ժամանակավոր կացության երեք կետ է բացվել։ Դեպքի վայրում աշխատում է 176 փրկարար ու 39 միավոր տեխնիկա։

Աստրախանի մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինն իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, մի տարեց կին է մահացել, ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած։

ՌԴ հատուկ ծառայությունները չեն հաստատում գազի պայթյունի վարկածը։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել կառուցատարրերի փլուզում։

Քննչական կոմիտեն դեռ պարզում է միջադեպի պատճառները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Աստրախանի մարզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։