Ընդդիմության մեջ կան մարդիկ, ում օրակարգի առաջին կետը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այլ իշխանության գալը․ Նարեկ Մալյանի հարցազրույցը կալանավորումից առաջ


12:27 , 11 նոյեմբեր, 2023
Բազմիցս իշխանություններին տվել եմ այն հարցը, թե ինչու են նրանք այդքան սուր արձագանքում «մահ դավաճաններին» կոչին։ Այս մասին «Aysor TV»-ի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է գրող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, ով այժմ կալանավորված է։

«Եթե դու դավաճան չես, ինչ ունես նեղվելու, իսկ մեր իշխանություններն այդ ամեն ինչը վերագրել են իրենց։ Այդ քրեական գործով ինձ տվեցին առաջին պետական փաստաթուղթը, որում կազմակերպիչները դավաճան ասելով նկատի են ունեցել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ես ունեմ ՔԿ-ի կնիքով փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դավաճան է։ Ի դեպ ՔՕ 226․2 հոդվածը իմ «սեփական» հոդվածն է, որով ես դատվեցի Չաուշեսկուների ներկայացման համար։ Նախկինում այդ հոդվածը չկար Քրեական օրենսգրքում»,- ասաց Մալյանը։

Խոսելով խորհրդարանական ընդդիմության գործունեության մասին, Մալյանն ասաց․

«Ես ներկայացրել էի ցանկ, կետ առ կետ, որտեղ առաջին կետն օրակարգն է։ Երբ մարդիկ հայտարարում են, որ պետք է համախմբվել և այլն ու չեն ասում իրենց օրակարգը, հիշեք, որ այդ մարդիկ կոչ են անում ոչ թե համախմբվել Նիկոլին հեռացնելու շուրջ, այլ համախմբվել իրենց անձի շուրջ։ Ես վստահ եմ, որ ընդդիմության օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չի։ Կան մարդիկ, ում օրակարգը իշխանության գալն է, երբ դա է օրակարգի առաջին կետը, այլևս ես չեմ կարող միավորվել այդ մարդու հետ, որովհետև իմ օրակարգի առաջին կետում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Դիմադրության շարժման մեջ կան մարդիկ, ում օրակարգի առաջին կետում սեփական անձը իշխանության աթոռին բազմած տեսնելն է, կան մարդիկ, ովքեր խնդիր չունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ, որովհետև իրենց համար հիմա նպաստավոր պայմաններ են ստեղծվել, կան մարդիկ, ովքեր ինքնահաստատման խնդիր ունեն ու այդ ամեն ինչը բերում է այն ամոթալի վիճակին, որ մարդիկ հարթակում իրարից միկրոֆոն են խլում։ Ապուշ է այն ընդդիմադիրը, որ մարդկանց հավաքում է ու ասում է, որ իշխանությունը սադրանքների է գնում, նոր են իմացե՞լ, այո իշխանությունը սադրելու է, կրակելու է, ձերբակալելու է, եթե իրենք այդ ամենի միջով չեն կարողանալու անցնեն, թող գնան տուն»։

Մալյանի խոսքով թե՛ ընդդիմության թե՛ իշխանության նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքն ունի նույն դրդապատճառը։

«Մարդիկ 2018թ-ին ինչ-որ հույսեր էին կապել Նիկոլ Փաշինյանի հետ, նա խաբեց մարդկանց, հիմա մարդիկ ատում են նրան, որովհետև իրենց խաբել է։ Նույն ձևով տարբեր փուլերում մարդիկ հույսեր էին կապել ընդդիմության հետ, որոնք չարդարացվեցին, և, այո՛, շատերն էլ խաբեցին մարդկանց»,- ասաց Նարեկ Մալյանը։