Եթե ինչ որ մարգինալների խմբակ որոշել է Արցախի բնակավայրերի անունները մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից․ Մամիջանյան


15:53 , 9 նոյեմբեր, 2023

Երևանի կենտրոնից ՀՀԿ երիտասարդական թևի նախաձեռնությամբ մեկնարկել է լուռ երթ` ընդդեմ Արցախի Հանրապետության հանձնման։

Երթին մասնակցում է նաև  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ այն վայրկյանին, երբ այդ ցավը վերափոխվի ցասման, բոլորի խնդիրների լուծումը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ինքնին կստացվի։

«Բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման, այս բանաձևը պարզ է։ Արցախի այն բնակավայրերի անունները, որոնք մեր կուսակից ընկերները պաստառի վրա տանում են, դաջված է յուրաքանչյուր հայի սրտում։ Եթե ինչ որ մարգինալների, կամ դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր ստից մաքրել, ապա մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»,- ընդգծեց Մամիջանյանը։

Անդրադառնալով՝«Խաղաղության խաչմերուկ»-ին՝ Մամիջանյանը  նկատեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։

«Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի բրենդավորելու է  խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ  կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,- նշեց նա։