Հիվանդանոցներից հայտնում են ավելի քան 100 վիրավոր իսրայելցիների մասին. առնվազն 4 մարդ զոհվել է Քուսայֆ քաղաքում


14:21 , 7 հոկտեմբեր, 2023

Հիվանդանոցները հայտնում են, որ ավելի քան 100 իսրայելցի վիրավորվել է Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում հրթիռակոծությունների հետևանքով, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է Times of Israel-ը:

Բիրշեբի Սորակա հիվանդանոց է ընդունվել 80 հիվանդ, որոնցից մի քանիսի վիճակը շատ ծանր է։
Թել Ավիվի մերձակայքում գտնվող Ասաֆ Հարոֆե բժշկական կենտրոնում բուժվում են 17 հիվանդներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է, իսկ մեկը՝ միջին ծանրության։

Ռեհովոտի Կապլան բժշկական կենտրոնում բուժում են 21 տուժածների, որոնցից երկուսը ծանր վիճակում են, նրանց վիրահատվում են։

Չորսը միջին ծանրության, 15-ը՝ թեթև վնասվածքներ են ստացել։

Քուսայֆ քաղաքի քաղաքապետ Աբդ ալ-Ազիզ Նասարը հանրային հեռարձակող Kan-ին ասել է, որ առնվազն չորս մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են քաղաքի վրա հրթիռների արձակման հետևանքով։

Քուսայֆը բեդվինների քաղաք է Իսրայելի հարավում, որը գտնվում է Գազայի հատվածից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա:

Իսրայելի պաշտպանության բանակը փակում է Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող ճանապարհները ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման պատճառով։

Տարածքում գյուղացիների կողմից օգտագործվող բոլոր ճանապարհները նույնպես արգելափակված են բանակի կողմից։

Գազայի սահմանին գտնվող Զիքիմ լողափը նույնպես փակ է, և Աշկելոնի և Սդերոտի միջև գնացքները չեն գործի, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաների: