Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը


12:44 , 30 սեպտեմբեր, 2023

Կիպրոսի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումը և հայտնել, որ իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը։

Այս մասին ասված է կղզի պետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության «Ադրբեջանի այս միակողմանի գործողությունները հանդիսանում են էթնիկ զտումների ակտեր և հետևաբար պետք է արժանանան միջազգային հանրության համանման ու վճռական արձագանքին»։

Նշվում է նաև, որ Կիպրոսն աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը՝ որպես սկզբունքներ և կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ռազմական գործողություններից՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա։

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ Լեռնային Ղարաբաղ հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև անհրաժեշտության դեպքում մի շարք տեղահանված հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։