Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին


12:52 , 25 սեպտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդարանի ղեկավարը ողջունել է  սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի և մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված  երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի:

Անդրադառնալով  սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարեւոր է  միջազգային գործընկերների արդյունավետ եւ հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած  հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր իրականացրած այցից: Նա իր խոսքում դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: 

Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: